Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Վարք, վարքի խանգարումներ

Վարքը օրգանիզմի արձագանքն է տարբեր ազդակներին՝ ինչպես արտաքին միջավայրից եկող, այնպես էլ ներքին։ Այն կարող է լինել գիտակցված կամ չգիտակցված, կամային կամ ոչ կամային, ակնառու կամ ոչ ակնառու:

Դեռևս Դեմոկրիտեսը, Հիպոկրատն (մ.թ.ա. 460-377թթ) իրենց աշխատություններում նշել են շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու վարքի վրա:

Գ.Ե. Սուխարևան մանկական հասակի հոգեբուժության իր դասախոսություններում նշել է, որ կենտրոնական նյարդային համակարգի վնասվածքները կարող են հանգեցնել օրգանիզմի կարգավորման ֆունկցիաների անբավարարությանը, որ էլ դժվարացնում է երեխայի հարմարվողականությունը շրջապատի, արտաքին և ներքին ազդակների փոփոխություններին: Արդյունքում ի հայտ են գալիս վարքի խանգարումներ: Վարքի խանգարումների հետվնասվածքային պատճառների մասին գրել է նաև Ֆրեյդը: Վարքի խանգարման գործում մեծ դեր ունեն կենսառիթմերը, ինչպես նաև տարվա եղանակները: Այն ավելի սրված արտահայտվում է հատկապես գարնանը: Վարքի ձևավորման գործում մեծ դեր ունեն նաև երեխայի դաստիարակման հարցում տարաձայնությունները, ոչ մասնագիտական մոտեցումները, երեխայի հետ իր տարիքին և զարգացմանը անհամապատասխան հարցերի քննարկումները:

Երեխաներին օգնել կարողանալու համար անհրաժեշտ է պարզել, թե ինչու և ինչպես են նրանց մոտ զարգանում էմոցիոնալ խանգարումներ և վարքի շեղումներ: Կարևոր է նաև պարզել այս երեխաների բնորոշ առանձնահատկությունները: Նման դեպքերում նախ` անհրաժեշտ է գնահատել երեխայի պահվածքը, պարզել մեզ անհանգստացնող խնդիրը, այնուհետև` հիմնավորել միջամտության անհրաժեշտությունը: Շեշտը պետք է դնել վարքի դրսևորման պատճառը բացահայտելու և դրա հիման վրա շտկում իրականացելու վրա, որի նպատակն է ընդլայնել հարմարվողական վարքի միտումը կամ նվազեցնել ոչ ցանկալի վարքի հավանականությունը:

Նոր վարքի ձևավորման ժամանակ կիրառում են հոգեբանական թերապիայի տարբեր մեթոդներ.

· Խթանում (Stimulus). Իրադարձություն, որը վարքագծի արձագանք է առաջացնում,

· Ամրապնդում (Reinforcement). Մի շարք պայմաններ, որոնք հետևում են պատասխանին և մեծացնում կամ նվազեցնում են պատասխանի հավանականությունը,

· Վարքագծի ձևավորում. Մշակել նոր վարք՝ հետևողականորեն հետևելով ուսումնառության նպատակներին:

Համարվում է, որ ցանկացած կրկնվող վարք կյանքի ընթացքում յուրացված է: Անձը սովորել է տվյալ վարքը: Կան այդ վարքերը պահպանող ազդակներ (խրախուսանքներ):

Երբ ցանկանում ենք նվազեցնել ցանկացած ոչ ցանկալի վարք, անպայման պետք է ձևավորել տվյալ վարքը փոխարինող այլ վարք: Նոր վարքի ձևավորման համար կիրառվող հոգեբանական մեթոդներից են համարվում՝ Էլլիսի էմոտիվ-ռացիոնալ, Կեպլլի դերակատարման, խրախուսման, Ռոջերսի հումանիստական թերապիայի մեթոդները, որոնց արդյունքում բավականին լավ արդյունքներ են արձանագրվել: Նշված մեթոդների համակցված կիրառման արդյունքում՝ մոտ 95-100% դեպքերում, ստացվում են բավականին դրական արդյունքներ. կայունանում է հուզական ոլորտը, վերանում է ագրեսիան, կարգավորվում է վարքը: Իհարկե, սա պետք է լինի շարունակական` նկատի ունենալով նաև նրանց կենտրոնական նյարդային համակարգի օրգանական վնասումները: Վերացնելով ոչ ցանկալի վարք առաջացնող պատճառը` կկարգավորվի նաև պահվածքը: Վարքի ձևավորման համար կիրառվող հոգեբանական մեթոդներից է համարվում՝ Կիրառական վարքային վերլուծությունը (ԿՎՎ), որը գիտական տեսություն է վարքի մասին: Կիրառական վարքային վերլուծությունը (ABA) Վարքային վերլուծության ուսուցման և մոտիվացիայի սկզբունքների, դրանցից բխող ընթացակարգերի և տեխնոլոգիաների կիրառումն է սոցիալապես նշանակալի խնդիրների լուծման համար: Տասնամյակների հետազոտությունները հաստատել են ԿՎՎ վրա հիմնված միջամտության արդյունավետությունը:

Գործնական խորհուրդներ

Նման դեպքերում անհրաժեշտ է երեխային սովորեցնել ճիշտ պահանջել. եթե արտաբերում է միայն հնչյուններ, փորձել սովորեցնել անհրաժեշտ բառեր կամ նշաններ, ժեստեր, նկարներ: Սրանք պետք է լինեն հեշտ և համապատասխան: Կարևոր է նաև սովորեցնել ուշադրություն գրավելու հնարքներ: Զգայական խնդիրների առկայության ժամանակ անհրաժեշտ է կարգավորել այն` ազդակների մուտքը ավելացնելով կամ նվազեցնելով: Այս ամենի հետ միաժամանակ պետք է աստիճանաբար ընտելացնել այդ ազդակներին:

Ուրեմն, կարևոր է նվազեցնել երեխաների խիստ ծանրաբեռնումը: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ կան երեխաներ որոնք չունեն նաև ճկունություն, դժվար են ադապտացվում, իմպուլսիվ են և ունեն ուշադրության կենտրոնացման դժվարություններ: Սրանք նպաստում են էմոցիոնալ շեղումներին և խանգարումներին: Սա, իր հերթին, հանգեցնում է երեխայի փորձի ձեռքբերման խանգարմանը և փոփոխվող միջավայրին հարմարվելու դժվարացմանը:

Շատ կարևոր է բացառել երեխայի նկատմամբ բռնությունը տանը, հասարակության մեջ, մանկական հիմնարկներում: Իհարկե, չպետք է մոռանալ նաև հեռուստատեսությունից, տեսաժապավեններից, կինոնկարներից, համակարգչային խաղերից եկող բռնությունները: Վարքի խանգարումները կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում ունեցող երեխաների մոտ մոտավորապես 6-7 անգամ ավելի շատ են, քան առանց ախտահարումների երեխաների մոտ:

Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հղիության ընթացքում և երեխայի ծնվելուց հետո առողջ միջավայր ստեղծելու` նրա ճիշտ զարգացման համար:

Վարքի կարգավորման գործընթացում կարելի է կիրառել նաև «թայմ աութ»-ը (Time out), որը ապացույցների վրա հիմնված վարքի կարգավորման գործիք է, որը հատկապես հարմար է կիրառել նախադպրոցական, տարրական դպրոցում սովորող և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար: Հարրիսը նկարագրել է «թայմ աութ»-ի երեք տեսակ՝ բացառում, չբացառում և մեկուսացում: Այսպիսով, վարքի շտկման համար պետք է դաստիարակությունը համատեղել վարքի կազմակերպման հետևողականության, ջերմության և կապվածության հետ:

Օգտագործված գրականություն

Գ.Ս. Բաբախանյան, Վարքի խանգարման առանձնահատկությունները մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների մոտ Ա. Նալչաջյան, Հոգեբանություն, 1984 Ս.Հ. Սուքիասյան, Հոգեբուժություն, 2007 Բ. Եղիայեան, Ընտանեական կրթություն,1993

Р.С. Немов, Психология, 2004 Л. Д. Сталяренко, Основы психологии, 2005 Г.Е. Сухарева, Лекции по психиатрии детского возраста, 1974 Ռուբինա Ասկարյան, Թայմ աութը՝ որպես վարքի կարգավորման գործիք

TIME-OUT INTERVENTIONS AND STRATEGIES: A BRIEF REVIEW AND RECOMMENDATIONS Tera L. Wolf T. F. McLaughlin and Randy Lee Williams, – INTERNATIONAL JOURNAL OF SPECIAL EDUCATION Vol 21 No.3 2006

Նյութը պատրաստեց «Արև-Երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ-ի հատուկ հոգեբան, մանկավարժ՝ Աննա Գևորգյանը

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.