Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Խաղը կարևոր է երեխայի համար

Խաղը շատ կարևոր ոլորտ է ցանկացած երեխայի կյանքում: Կարելի է ասել, որ այն գործողության հստակ տեսակ է, կյանքի միջոց, այն ձևը, որի միջոցով երեխան ճանաչում է աշխարհը: Երեխան ուսումնասիրում է, կրկնօրինակում, կրկնում, մարզվում, յուրացնում, ձեռք բերում փորձ, և այն օգտագործում այլ իրավիճակներում: Անշուշտ, խաղն անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու միակ միջոցը չէ, բայց կյանքի առաջին տարիներին այն առանձնահատուկ է:

Անկախ այն բանից, թե խաղալու և խաղը զարգացնելու համար ինչպիսի հնարավորություններ են տրվել երեխային, նա օգտվելու է իրեն ընձեռնված այդ հնարավորությունից, որ լուծի այն բազմաթիվ խնդիրները, որոնք կյանքը նրա առջև կդնի: Ծնողները չպետք է մտածեն, որ երեխայի հետ խաղի ժամը աննպատակ է անցել, քանի որ այն լոկ հաճելի ժամանց է, և խաղալով՝ նա ինչ-որ հմտություններ կամ գիտելիքներ ձեռք չի բերի: Ընդհակառակը՝ երեխան ինչ-որ բան սովորում է, իսկ մայրիկը կամ հայրիկը օգնում են նրան սովորել:

Դա ճիշտ է ցանկացած երեխայի, ինչպես և Դաունի համախտանիշ ունեցող երեխաների համար: Եթե նա հայտնվել է ֆիզիկական կամ զգացմունքային մեկուսացման մեջ, երկար ժամանակ միայնակ է եղել, եթե նա ընկճված է կամ խիստ անհանգիստ, այսինքն՝ լի զգացմունքներով, որոնք նրան խանգարում են կենտրոնանալ խաղի վրա, եթե նա մտահոգ է մեծերի տրամադրությամբ, այսինքն՝ իր անձնական հետաքրքրությունների ժամանակը չունի, եթե բարկացած է կամ վիրավորված, ապա պետք է հոգ տանել նրա հոգեկան և ֆիզիկական անվտանգության համար: Այդպես լինում է, երբ ծնողներն այնքան ընկճված և ներամփոփ վիճակում են լինում, որ ի վիճակի չեն արձագանքելու երեխայի կոչին, կամ չափից դուրս անհանգիստ են, ուստի կարող են լինել նաև շատ շփոթված և անգամ կպչուն: Այո, ամեն ինչ էլ հնարավոր է, չէ՞ որ բոլորս էլ կենդանի արարածներ ենք:

Ամեն դեպքում, դրանք ժամանակավոր դժվարություններ են, և այստեղ մենք ուզում ենք պատմել խաղի այնպիսի տեսակի մասին, որը մեծին հնարավորություն կտա երեխայի համար անփոխարինելի գործընկեր դառնալու: Մենք կներկայացնենք խաղի հակիրճ նկարագրությունը, որում ծնողը հանդես է գալիս ոչ թե «փորձագետի» դերում՝ հարցեր է տալիս և գնահատում երեխայի գործողությունները, և ոչ էլ առաջնորդի, որը երեխայից խլում է նախաձեռնությունը, ոչ էլ կողքից հետևողի, այլ «հետազոտողի»:

Մեծերին հետաքրքիր է, նա հարցնում է, թե փոքրիկը ինչ է անում, ի՞նչ է զգում, ի՞նչ է ուզում ասել: Մեծահասակը՝ լինի դա մայրիկը, թե հայրիկը, հայտնվելով այսպիսի դերում, երեխային է պատմում իր ենթադրություններն ու եզրակացությունները: Երեխան տեսնում և զգում է, որ ծնողը հետաքրքրված է իր խաղով, բայց չի խառնվում, նախաձեռնությունն իր ձեռքից չի վերցնում և իրեն մենակ չի թողնում: Այդպիսի խաղի ընթացքում մայրը կամ հայրը պարզապես բարձրաձայն նկարագրում են, թե ինչ է անում երեխան, բայց նկատեք նաև, թե որքան օգտակար տեղեկություն է հաղորդվում այդ ընթացքում: Այս անգամ մենք տեսագրության միջոցով կհետևենք, թե ինչպես է երեք ու կես տարեկան Միշան խաղում իր մայրիկի հետ:

Միշան վերցնում է խորանարդիկները և դնում մեկը մյուսի վրա:

Մայրիկ-Ես տեսնում եմ՝ դու վերցրիր կարմիր խորանարդիկը:

Միշան նայում է խորանարդիկին, տեղադրում և վերցնում դեղինը:

Մայրիկ-Իսկ դա դեղին խորնարդիկն է:

Միշան դնում է դեղին խորանարդիկը կարմիրի վրա և վերցնում մեկ այլ դեղինը և դնում վերևում:

Մայրիկ-Աշտարակի է նման (մայրը փորձում է ընդարձակել երեխայի պատկերացումները այս խաղի հնարավորությունների վերաբերյալ):

Միշան բացասաբար շարժում է գլուխը:

Մայրիկ-Դու համաձայն չե՞ս: Դա ինչ-որ ուրի՞շ բան է:

Միշա-Տ…

Մայրիկ-Տուն:

Միշան գլխով է անում-Տ…

Մայրիկը հստակ կրկնում է-Այո, տուն է:

Մայրիկը շարունակում է-Ինձ հետաքրքիր է, թե ո՞վ է ապրելու այդ տանը:

Շատ հնարավոր է, որ տղան չէր պատրաստվում այն բնակեցնել, սակայն մայրիկի մեկնաբանությունն ընդլայնում է նրա պատկերացումն այն մասին, որ տանը կարող են ապրել, և ինքն անձամբ կարող է ընտրել, թե ով է դա լինելու:

Միշան վերցնում է նապաստակը և դնում վերևում: Նապաստակն ընկնում է, Միշան նորից է նրան նստեցնում, բայց նապաստակը մեծ է խորանարդիկի համեմատությամբ, և վերևի խորանարդիկը ևս ընկնում է նապաստակի հետ:

Մայրիկ-Շատ մեծ նապաստակ է:

Միշան թափում է խորանարդիկները, նա բարկացած է, փնթփնթում է և հեռանում:

Մայրիկը նրա հետևից-Ցավալի է…

Միշան-Այո:

Մայրիկ-Դեռ ժամանակ կա խաղալու:

Միշան նստում է, կախում գլուխը:

Մայրիկ-Դու այնպես ես նեղացել, որ չե՞ս ուզում այլևս խաղալ:

Միշան վեր է կենում և բերում գիրքը:

Մայրիկ-Դու կարող ես այն նայել, իսկ կկարդանք երեկոյան:

Սա փոքրիկ հատված է մոր և երեխայի հատուկ թերապևտիկ խաղից: Այստեղ մայրը չի միջամտում խաղին, չի քննադատում և չի գովում երեխային, բայց շատ ուշադիր է այն ամենի հանդեպ, ինչ նա անում է: Նա խաղի միջոցով երեխային հնարավորություն է տալիս խաղային գործողության մեջ ծավալվելու, որպեսզի նա կարողանա նախաձեռնություն, ինքնուրույնություն, ինքնաբուխ զգացմունքներ ցուցաբերել: Կողմնորոշվելով երեխայի գործողություներով՝ նա երեխայի ուշադրությունը բևեռում է գույնի վրա, ընդլայնում խաղի զարգացման հնարավորությունները: Նա ենթադրում է, թե ինչ է ասում Միշան և վերականգնում է նրա կիսատ բառերը, դրանք ճիշտ արտասանում, իսկ երեխան լսում է մորը և հնարավորություն ստանում նորից մտածելու բառի մասին և մտքում կրկնելու այն, ինչը շատ կարևոր է ակտիվ խոսքի զարգացման համար: Ինչպես գիտեք՝ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների մոտ ակտիվ բառապաշարը հետ է մնում պասսիվ խոսքից: Նրանք ցանկանում են ասել ավելին, քան կարողանում են: Ցանկացած մարդ էլ ասելիք ունի, և կարևոր է հիշել, որ բարձրաձայն խոսելն իմաստավորվում է, երբ լսող կա:

Բերված օրինակում օգտագործված է հատուկ խաղ, և փոքրիկին այդ մասին զգուշացնում են: Այդպիսի խաղային հարաբերությունները պահանջում են լարվածություն և կենտրոնացում, դրա համար խաղը պետք է ունենա ժամային սահմանափակում: Այն կարելի է անցկացնել կանոնավոր կերպով, օրինակ շաբաթական մեկ անգամ 20-30 րոպե տևողությամբ:

Շատ կարևոր է երեխայի հետ խաղալ նաև այլ խաղեր՝ և՛ թեմատիկ, և՛ դիդակտիկ, և՛ շարժողական: Դրանցում, բնականաբար, պարտադիր չէ կոշտ կանոնների հետևել: Կարևորը՝ խաղը պետք է հաճույք պատճառի և՛ փոքրիկին, և՛ ծնողին:

 

Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.

«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը

Թողնել մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *