Երեխան խոսքը յուրացնում է մեծահասակների հետ հուզական և խոսքային շփման ընթացքում՝ նրանց ընդօրինակելով։ 0-1 տարեկանում առաջատար գործունեությունը հուզական հաղորդակցումն է մեծի հետ։ Անհրաժեշտ է, որ մեծահասակները մշտապես հուզականորեն շփվեն, խոսեն երեխաների հետ։ Անհրաժեշտ է մեծահասակներին, հատկապես մայրիկներին, զինել համապատասխան գիտելիքներով, որպեսզի նրանք․
· Հղիության շրջանից սկսած խոսեն երեխայի հետ՝ ասելով, որ շատ սիրում ու սպասում են նրան,
· Հուզականորեն շփվեն երեխայի հետ,
· Կրկնեն երեխայի արտաբերած յուրաքանչյուր հնչյուն, հնչյունակապակցություն,
· Երեխային տան իր տարիքին համապատասխանող անվտանգ խաղալիքներ,
· Երեխային ցույց տան տարբեր նկարներ, առարկաներ և մի փոքր խոսեն դրանց մասին,
· Երեխայի համար կարճ հեքիաթներ կարդան, երգեն,
· Խոսեն երեխայի հետ մաքուր արտաբերությամբ,
· Հնարավորություն ստեղծեն, որպեսզի երեխան շփվի իր հասակակիցների հետ,
· Չսովորեցնեն երեխային իր տարիքին չհամապատասխանող ոտանավորներ,
· Չստիպեն ձախլիկ երեխային գրել աջ ձեռքով,
· Երեխային հնարավորինս զերծ պահեն սթրեսներից,
· Չհետաձգեն այցը լոգոպեդին, եթե կարծում են, որ երեխայի խոսքում որևէ խնդիր կա։
Խոսքի զարգացման ճգնաժամային փուլերը
Երեխայի հոգեկան զարգացման մեջ առանձնացնում են սենզիտիվ շրջաններ։ Սենզիտիվ բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է զգայուն։ Սենզիտիվ շրջաններում ողջ հոգեկանը ակտիվ զարգացում է ունենում և ավելի խոցելի է լինում վնասակար գործոնների համար։ 0-7 տարեկան հասակը համարվում է խոսքի զարգացման սենզիտիվ շրջան։ Այս ժամանակահատվածում խոսքի բոլոր կողմերը զգայուն են լինում վնասակար գործոնների նկատմամբ։ Խոսքի զարգացման սենզիտիվ շրջանում առանձնացնում են հիպերսենզիտիվ կամ ճգնաժամային փուլեր․
· 1-1․6 տարեկան հասակը, որի ընթացքում մեծահասակի հետ խոսքային շփման շնորհիվ՝ երեխան կուտակում է բառապաշար, որը հիմք է հանդիսանում կապակցված խոսքի հետագա զարգացման համար։ Այս տարիքում մեծահասակի հետ ոչ բավարար խոսքային շփումը բերում է ձևավորվող խոսքի քայքայմանը։
· Երկրորդ զգայուն փուլը 2․6-3․6 տարեկանն է, երբ երեխան ակտիվորեն յուրացնում է ծավալուն կապակցված խոսքը։ Այս շրջանում խոսքը դառնում է մտավոր զարգացման միջոց։ 3 տարեկանում մեծանում է խոսքային ակտիվության պահանջմունքը․ երեխան անընդհատ խոսում է, հարցեր է տալիս։ Ցանկացած հոգեկան սթրես կամ զգայական դեպրիվացիա այս շրջանում կարող է բերել խոսքի զարգացման հապաղման կամ կակազության։
· Երրորդ գերզգայուն փուլը 5-7 տարեկանն է, երբ ձևավորվում է կոնտեքստային խոսքը, այսինքն ինքնուրույն խոսք կառուցելը։ Այս ընթացքում ինտենսիվ զարգանում և բարդանում է ներքին խոսքից արտաքին խոսքի անցնելու մեխանիզմը։ Ինչպես 3 տարեկանում, այնպես էլ 5-7 տարեկանում ԿՆՀ-ն լուրջ լարվածության մեջ է լինում խոսքի ժամանակ։
Օգտագործված գրականություն
Белякова Л.И. , Дьякова Е.А. Заикание. Учебное пособие для студентов педагогических институтов по специальности “Логопедия” — М.: В. Секачев, 1998 Стр. 14
Белякова Л.И., Филатова Ю.О. Педагогическая модель коррекции речевого и моторного ритмов у детей с нарушениями
Նյութը պատրաստեց «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ-ի լոգոպեդ Գոհար Մնացականյանը