Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Նավասարդ Սրբազանի օրհնության խոսքը ուղղված արև երեխաներին

«ՁԵՐ ԱՄԵՆ ԻՆՉԸ ՍԻՐՈՎ ԹՈՂ ԼԻՆԻ»  Ա Կորնթացիս  ԺԶ 14                         

Սիրելինե՛ր,

Ջերմորեն ողջունում ենք ամենքիդ և   սիրով  փոխանցում  Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական օրհնություններն ու բարեմաղթանքները՝ այս հոգենորոգ օրվա առիթով:

Աստված Իր պատկերով և նմանությամբ ստեղծեց մեզ և հորդորեց ավետարանական պատգամներով ապրել մեր  երկրային կյանքը՝ թաթախուն սիրո և բարության գործերով: Քանզի բարիք գործելով, եղբայրասիրությամբ, մեկմեկու գթալով և աջակից լինելով միայն աներկբայորեն կկրենք մեզ վրա  Տիրոջը նմանությունը՝ դառնալով Աստծո սիրելի որդիներ:

Տիրոջ համար թանկ ու սիրելի  ենք ամենքս, առավելապես՝ երեխաները: Երբ Իր մոտ եկող մանուկներին հեռացնում էին, Հիսուս ասաց. «Թույլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիներինն է» (Մատթ. ԺԹ 14): Մանուկներին է խոստացված Երկնքի ժառանգորդները լինելու շնորհը նրանց անմիջականության, պարզության և անմեղության համար: Մանուկներին է տրված երկրի վրա առավել սիրված լինելու պատիվը. նրանք մեր կյանքի հրաշալիքներն են, քնքուշ ծաղիկները, որ հանապազ հոգածության և սիրո կարիք ունեն: Մենք ամեն օր անձանձիր աղոթում ենք  նրանց պահպանության, երջանիկ ու անհոգ մանկության և խանդավառ օրերի համար:

Այսօր Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օրն է: Մեր օրհնությունն ենք բերում «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն»-ի ղեկավար Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին, աշխատակիցներին և բարերարներին, ովքեր անաչառապես հանձնառու եղան արևամանուկների հոգածության սուրբ առաքելությանը: Նրանք Սիրո և Գթասրտության որդեգիրներն են: Օրհնյալ զավակներն են Հայոց Սուրբ Եկեղեցու: «Կառչած մնանք մեր հավատքի նավին: Կայմը՝ Հավատքը, պինդ բռնենք, Հույսը՝ որպես առագաստ պարզենք, Սերը՝ որպես ղեկ շարժենք և այսպես քայլենք առաջ, կողք կողքի, սիրտ սրտի, որպես մեկ ազգ, մեկ եկեղեցի» (Գարեգին Ա):

Թող մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Ամենախնամ Աջը զորավիգ լինի մեզ, որպեսզի հաղթանակած դուրս գանք բազում փորձությունների միջից ու փառավորենք Բարեսեր Աստծուն այժմ և հավիտյաններում: Ամեն:

 

Ջերմագին սիրով և օրհնությամբ՝

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

 

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.