Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Սեքսուալություն: Սեռական դաստիարակություն

Դաունի համախտանիշ ունեցող նույնիսկ ամենափոքր տարիքի երեխաների ծնողները հաճախ հարցնում են նրանց սեքսուալ դրսևորումների և սեռական վարքագծի մասին: Նրանց հուզում է այն հարցը, թե կարո՞ղ է արդյոք Դաունի համախտանիշ ունեցող մարդը վերահսկել իր սեռական ցանկությունները և դրսևորել իրեն սոցիալապես հաստատված վարքի նորմերի շրջանակներում: Ինչպե՞ս կանցնի սեռական հասունացման շրջանը: Արդյո՞ք իրենց երեխաները դեռահասության շրջանում անկառավարելի և ագրեսիվ կդառնան: Կարո՞ղ են արդյոք նրանք բավարարել իրենց սիրային և սեռական պահանջները:

Միանգամից ընդգծենք, որ մեր կարծիքով բոլոր այս հարցերն անհիմն և վաղաժամ չեն:

Գոյություն ունի կարծիք, որ Դաունի համախտանիշ ունեցող մեծահասակները չեն կարող սոցիալապես և հոգեպես հասուն տղամարդ և կին լինել, որ նրանք չեն կարող վերահսկել իրենց սեքսուալ բռնկումները, որի պատճառով էլ նրանց սեռական ակտիվությունն իրենից մեծ խնդիր է ներկայացնում ինչպես իրենց, այնպես էլ շրջապատի համար: Այստեղ կնշենք հետևյալը. եթե ծնողներին հաջողվում է չափից շատ չանհանգստանալ՝ հոգ տանելով երեխայի մասին և հարգելով նրա մարմնական և հոգեկան անատոմիան սկսած կյանքի առաջին ամիսներից, ապա նրանք կարող են օգնել երեխայի մոտ առողջ սեքսուալության և սեռական վարքագծի ձևավորման հարցում:

Երեխաները՝ փոքր տղաներն ու աղջիկները, որոշակի տարիքում բնական կերպով հետաքրքրություն են ցուցաբերում հակառակ սեռի հանդեպ, այդ թվում՝ տղամարդու և կնոջ, տղայի և աղջկա մարմնի տարբերությունների: Յուրաքանչյուր մարդ իրեն դասում է սեռերից որևէ մեկին: Երեխաները ձգտում են նմանվել իր սեռի ծնողին՝ աղջիկները՝ մայրերին, տղաները՝ հայրերին: Նրանք մտնում են մրցակցության մեջ իրենց սեռի ծնողի հետ՝ ստանալու երկրորդ սեռի ծնողի ուշադրությունը՝ ցանկանալով հաստատել իր գլխավոր լինելը: Շատ կարևոր է, որ երկու ծնողներն էլ, պահպանելով էմոցիոնալ հավասարակշռությունը, չզոհաբերեն իրենց կնոջ և ամուսնու հետաքրքրությունները և իրենց թույլ տան ունենալու այն համատեղ կյանքը, որը նրանք կանցկացնեին առանց երեխաների ներկայության: Դա կօգնի երեխային հասկանալու և ընդունելու որոշ սահմանափակումներ, այսինքն՝ ըմբռնելու, որ ինքը դեռ մեծ չէ և պետք է մեծանա, բայց կարող է երբեմն խաղալ՝ նմանակելով մեծերին:

Այո՛, երեխան կարող է լինել ինչպես մայրիկը կամ հայրիկը, բայց այդուհանդերձ մնալ այնպիսին, ինչպիսին ինքն է: Ինչպես ցանկացած երեխայի, այնպես էլ Դաունի համախտանիշ ունեցող երեխայի համար կարևոր է ճանաչել իր սեռական պատկանելիությունը: Տղա կամ աղջիկ, պատանի կամ օրիորդ, տղամարդ կամ կին, ոչ թե «հավերժ անսեռ նորածին»: Այո՛, այդպես էլ կարող է լինել, եթե մարդու օրինական պահանջմունքներին վերաբերվեն անհարգալից ձևով:

Իրեն համարելով որոշակի սեռի ներկայացուցիչ՝ երեխան ընդօրինակում է այն վարքագիծը, որը բնորոշ է այդ սեռի մարդկանց մեծամասնությանը: Եվ հակառակը, եթե նա ստիպված է ոչ ֆիզիոլոգիապես, այլ հոգեպես մնալ «անսեռ նորածին», որը կարիք չունի վերահսկելու իրեն, քանի որ փոքր է ու անպաշտպան, ապա նրա մոտ ցանկություն չի առաջանում հետևելու այն կանոններին, որոնք ընդունված են մեծերի աշխարհում, որտեղ ապրում են մեծ մարդիկ՝ տղամարդիկ և կանայք:

Սոցիալական վարքագիծն ուղղակիորեն կախված չէ ինտելեկտի զարգացման մակարդակից, բայց մեծամասամբ կախված է երեխայի ներընտանեկան և սոցիալական փորձից, որը նա ձեռք է բերում վաղ մանկական տարիքից:

Դեռահասության տարիքը դժվար ժամանակաշրջան է ինչպես ցանկացած, այնպես էլ Դաունի համախտանիշ ունեցող երեխայի համար: Փոփոխվում է մարմինը, հայտնվում են ինտենսիվ և միանգամայն անծանոթ ցանկություններ, որոնք դեռ պետք է սովորել և կարողանալ կառավարել: Դա բարդ խնդիր է: Այդ ընթացքում երեխաները հաճախ վիճում են ծնողների հետ, իսկ անծանոթների հետ շփվելիս դրսևորում են վստահություն և անխոհեմություն: Նրանք ցանկանում են դուրս թռչել տնից և հանդիպել հասակակիցների հետ: Նույն պահանջմունքներն են նաև Դաունի համախտանիշ ունեցող դեռահասների մոտ: Դա իրադարձությունների բնականոն ընթացք է, բայց Դաունի համախտանիշ ունեցող երեխայի ծնողները հատկապես պետք է հիշեն, որ եթե երեխայի մոտ բացակայում են պատկերացումները վարվեցողության կանոնների, այլ մարդկանց հետ շփման մեջ համապատասխան տարածություն պահպանելու և սահմանների մասին, ուրեմն նա կարող է հայտնվել վտանգավոր իրավիճակում:

Երեխայի աճը հնարավոր չէ փոփոխել, բայց նախապես պետք է իմանալ, որ կգա նրա անցումային տարիքը, և պետք է հաղթահարել այն: Ինչպես նախորդ տարիներին, դեռահասության շրջանում ևս պետք է շատ համբերատար լինել և փորձել օգնել թեթևացնելու այդ ոչ դյուրին ադապտացիոն փոփոխությունները: Դրան կնպաստի օրինակ այն, որ երեխան սեռական հասունացման շրջանում արդեն ունենա սոցիալական կյանքի փորձ, տիրապետի վարվեցողության կանոններին, որ նա սովոր լինի վերահսկել իր զգացմունքները, բավարարել իր պահանջները հասարակության մեջ ընդունված մեթոդներով: Շատ կարևոր է, որ նա պատրաստ լինի ընդունելու մեծի հեղինակությունը: Պակաս կարևոր չէ նաև այն, որ նա հնարավորություն ունենա արտահայտելու իր կապվածությունն ու սերը մտերիմների և ընկերների հանդեպ, որ նա ունենա իր հետաքրքրություններն ու նախասիրությունները:

Ինչպես բոլոր սովորական մարդիկ, այնպես էլ Դաունի համախտանիշ ունեցող մարդը, կարիք ունի ընկերական, սիրային և սեռական հարաբերությունների, և այդ առողջ հարաբերությունները կարող են գոյատևել միայն «ամուր հիմքերի» առկայության դեպքում, որոնք դրվել են վաղ մանկության տարիներից…

Սկզբում փոքրիկը հարաբերություններ է հաստատում իր համար կարևոր մարդկանց հետ՝ մայրիկ, հայրիկ, այլ մտերիմներ: Ինչպիսի՞ն է այդ փորձը: Շատ կարևոր է, որ երեխան լինի ինքնավստահ, ակտիվ, որ նա հնարավորություն ունենա վստահ լինելու իր գործողություններում ու զգացմունքներում, և զգա, որ դրանք կարևոր են իր մտերիմ մարդկանց համար: Ավելի ուշ՝ մանկական հրապարակում, մանկապարտեզում, տրասպորտում, հասակակիցների հետ շփումներ հաստատելիս, նա ավելի շատ կճանաչի և՛ իրեն, և՛ ուրիշ մարդկանց: Նա կիմանա մարդկանց փոխհարաբերությունների մասին, անհատական շփումներում կզարգացնի իր անհատական պրակտիկան: Սա հատկապես կարևոր է՝ ճանաչել, անհանգստանալ և աճել սեփակա՛ն փորձով, այլ ոչ թե «հասկանալ»: Դա, իհարկե, հեշտ չէ, ինչպես յուրաքանչյուրիս համար հեշտ չէ սովորել քայլել, ընկնել, վնասվել, վեր կենալ, հենարան փնտրել, չորեքթաթ քայլել… և շարունակել սովորել:

Դաշան տասը տարեկան է: Նրա մայրիկն անհանգստանում էր, թե ինչպես է իր աղջիկը դրսևորելու իր արթնացող սեռական բնազդները, և ինչպես է ինքը զրուցելու նրա հետ սեռերի փոխահարաբերությունների մասին: Առայժմ Դաշան անհանգստության ոչ մի առիթ չի տալիս: Դե, նա սովորական աղջիկ է, դե, ունի Դաունի համախտանիշ, հեշտությամբ կոնտակտի մեջ է մտնում: Նա ունի ընկերուհիներ, նրանք միասին զբոսնում են: Այդ աղջիկները հոգ են տանում Դաշայի մասին, Դաշային էլ դուր է գալիս իրենից փոքրերի մասին հոգալը: Իր երկու տարեկան քրոջ համար նա «Kinder Surprise»-ով հավաքում է խաղալիք-կոնստրուկտորներ:

Դաշան 8 տարեկան էր, երբ ծնվեց նրա քույրիկը: Աղջիկն ակտիվ կերպով սկսեց հետաքրքրվել երեխաների լույս աշխարհ գալու թեմայով: Նա տիկնիկներով բեմականացում էր ներկայացնում. նրանք երեխաներ էին ունենում, և տիկնիկ-մայրիկը խաղի մեջ հոգ էր տանում փոքրիկների մասին, կերակրում էր նրանց:

Դաշայի մայրիկը կարծում է, որ հենց այդ ժամանակ էր, որ նա բացահայտեց իր մարմնի ևս մեկ հնարավորությունը: Նա սկսեց նկարել հղի կանանց, իր հագուստի տակ գնդակ դնելով՝ ինքն էր խաղում հղի կին: Դա նման էր նրան, թե ինչպես են իրենց դրսևորում սովորական փոքրիկ աղջիկները՝ փորձելով պատկերացնել իրենց ապագա մայրիկների դերում: Մի անգամ մայրիկը, նայելով իր մեծացող աղջկան, որոշեց խոսել նրա հետ և պատմել այն մասին, թե ինչպես նրա մոտ, մյուս աղջիկների նման կարող է սկսվել դաշտանը: Նա դա արեց, որ Դաշան չվախենա, երբ արյուն տեսնի սպիտակեղենի վրա: Ուշադիր լսելով մայրիկին՝ Դաշան հարցրեց. «Իսկ դրանից հետո ես կարո՞ղ եմ երեխաներ ունենալ»:

Այդ հարցը Դաշայի մայրիկին անակնկալի բերեց: Բայց նա պատասխանեց այսպես. «Կարծում եմ այո, կարող ես, բայց ամեն դեպքում պետք է մեծանալ»:

Եվ դա իրականություն է. Դաշան ստացավ իրեն հուզող հարցի ճիշտ պատասխանը: Շատ կարևոր է, երբ երեխան ստանում է իր հարցերի պատասխանները: Մենք կարծում ենք, որ շատ հարցերի պատասխաններ կտան հենց իրենք՝ երեխաները. նրանք, ովքեր մեկ, երկու կամ երեք տարեկան են: Բայց դա այն դեպքում, երբ նրանք մեծանում են այնպիսի հասարակության մեջ և ընտանիքում, որտեղ հարգում են իրենց պահանջները, որտեղ նրանք իսկապես կարող են յուրացնել սոցիալական վարքագծի նորմերը:

 

Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.

«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.