Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Անգի՛ն մանուկներ,

Մեծ սիրով շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Դուք ձեր ընտանիքների գլխավոր զարդն ենք, ծնողների ուրախությունն ու հարստությունը: Դուք այն պայծառ արեգակն եք, որ ցրում եք ընտանեկան երկնակամարում կուտակված ամպերն ու ջերմություն պարգևում ձեր հարազատներին: Դուք Տիրոջ պարգևած անաղարտ պարզությունն եք, որում արտացոլվում է Արարչի սուրբ պատկերն ու նմանությունը: Ուստի ականջալուր եղեք ձեր ծնողների՝ Աստծու Խոսքով սնված խրատներին, որպեսզի չկորցնեք այն բարի սերմերը, որոնցով պիտի հասունանաք և Աստվածահաճո ու բարի զավակ դառնաք Տեր Հիսուս Քրիստոսի և ձեր ծնողների համար: Թող Աստծու երկյուղն ու ծնողների հանդեպ սերն ու հարգանքը առաջնորդեն ձեզ կյանքում և այնժամ վստահ կլինեք, որ ճիշտ ճանապարհով եք ընթանում:

Իսկ մենք՝ ծնողներս, հիշելով սաղմոսերգուի այն խոսքը, թե՝ Մարդու ժառանգությունը որդիներն են, որոնք իր վարձն են, առանձնահատուկ սիրով, ուշադրությամբ և համբերությամբ խնամենք այդ մատաղ տունկերը, որ Երկնավոր Հայրը տնկել է մեր պարտեզներում:

Խոսքս հատկապես ձե՛զ եմ ուղղում, անգի՛ն մայրեր ու վեհասի՛րտ հայրեր, քանզի Երկնավոր Ծնողը մեծ պատվի է արժանացրել ձեզ՝ Իր զավակների երկրային խնամքն ու դաստիարակությունը ձեզ վստահելով: Զավակներ պարգևելով՝ Նա բազմապատկել է ձեր ֆիզիկական և հոգևոր հարստությունն ու ուրախությունը: Նա նաև երեխաների միջոցով է Իր ունեցվածքի կառավարումը հանձնել ձեզ՝ ակնկալելով, որ հավատարիմ և իմաստուն տնտեսներ կլինեք: Նա ձեզ է հանձնել Իր մեծ այգու մատղաշ տնկիների խնամքն ու մշակումը, որպեսզի ջանասեր ու նվիրյալ մշակներ լինեք: Եվ վերջապես, Տերն սպասում է, որ դուք միմիայն ազնիվ ու բարի ծառաներ կլինեք՝ Իր տված հարստությունը խելամտորեն տնօրինելով և ի վերջո բազմապատկած վերադարձնելով Տիրոջը:

Եվ հատկապես ուզում եմ ընդգծել, որ խոսքս բոլոր երեխաներին է վերաբերում՝ և՛ առողջներին, և՛ հիվանդներին, և՛ հաշմանդամներին ու սահմանափակ կարողություններով փոքրիկներին, քանզի բոլորն, անխտիր, Տիրոջ սիրելի զավակներն են և հատկապես վերջիններիս օգնությամբ է Քրիստոս սովորեցնում մեզ սիրել ու համբերել: Եվ միշտ հիշե՛ք, սիրելի՛ երեխաներ և մեծահասակներ, որ Տերն Ինքն է ներկայանում նրանց միջոցով՝ փրկության ևս մեկ հնարավորություն պարգևելով մեզ. «Արդ, երբ որ մարդու Որդին գա իր փառքով …ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին: Այն ժամանակ թագավորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. “Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը. որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք՝ խմելու. օտար էի, և ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և ինձ այցի եկաք”: …“Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք”» (Մտթ. 25:31-40):

 

Աղոթքով և օրհնությամբ՝

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.