Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704

Ինչպե՞ս իրականացնել պարապմունքները սեղանի շուրջ

Շատ կարևոր է երեխային սովորեցնել ինչպես աշխատել սեղանի շուրջ: Դրա համար ընտրեք այնպիսի ոլորտներ, որոնք իսկապես պահանջում են նստած դիրք սեղանի շուրջ: Դուք կարող եք սեղանի շուրջ ամբողջ ընտանիքով խաղալ լոտո, նկարել կամ սոսնձել, իսկ խորանարդից տնակ պատրաստելու կամ մեքենայով խաղալու համար ամենահարմար տարբերակը հատակն է:

Սեղանի շուրջ նստելիս նստեք երեխայի դիմաց այնպես, որ նրան հեշտ լինի լսել ձեր հրահանգը և տեսնել ձեր շարժումներն ու գործողությունները: Եթե երեխան չունի մանկական սեղան, հետևեք, որպեսզի  ճիշտ նստի սովորական սեղանի շուրջ, ոտքերի տակ տեղադրեք աթոռակ և համոզվեք, որ սեղանի մակերևույթը նրա կրծքավանդակի հետ գտնվում է միևնույն հարթության վրա: Այն հրահանգը, որը մենք տալիս ենք երեխային, պետք է համապատասխանի նրա խոսքի հասկացողության մակարդակին: Հրահանգը պետք է լինի կարճ և հստակ, հաճախ անհրաժեշտ է անել դա քայլ առ քայլ, պետք է խոսել դանդաղ,  ամեն խոսքը շարժումներով ամրապնդելով: Երբեմն բանավոր հրահանգի փոխարեն կարելի է երեխային ցույց տալ, թե ինչ պետք է անի: Պարտադիր դադար տվեք՝երեխային տալով մտածելու և պատասխանելու հնարավորություն: Մի՛ շտապեցրեք նրան: Հաճախ երեխային այն ժամանակ առաջարկված հուշումը,  երբ նա դեռ չի հասցրել «մտածել», կարող է միայն շփոթեցնել:

Եթե երեխան ինքնուրույն չի կարողանում հաղթահարել խնդիրը, օգնեք նրան կենտրոնանալ ճիշտ գործողության կամ կարևոր մանրամասների վրա, որոնք նրան անհրաժեշտ են այդ պահին: Օրինակ՝ գծապատկերի վրա ցույց տալ այն մանրուքները, որոնք նա այդ պահին պետք է գտնի: Եթե դա բավարար չէ, ապա օգնեք երեխային կատարել ճիշտ գործողությունը՝ ձեր ձեռքի մեջ վերցնելով երեխայի ձեռքը (համակցված կատարում) կամ կատարել աշխատանքի մի մասը նրա փոխարեն: Ամեն դեպքում փորձեք ավարտին հասցնել առաջադրանքը:

Սեղանի շուրջ կազմակերպված յուրաքանչյուր դասի ժամանակ, կարող եք ներառել տարբեր թեմաներով մի քանի առաջադրանքներ: Ուսուցման սկզբնական փուլում յուրաքանչյուր առաջադրանք կարող է տևել 2-ից 3 րոպե, իսկ ընդհանուր դասը՝ 10-ից 15 րոպե: Երեխայի աճի հետ մեկտեղ մեկ առաջադրանքի տևողությունը կարող է աստիճանաբար հասնել 5-ից 7 րոպեի, իսկ դասի տևողությունը՝ 30-ից 40 րոպեի:

 

Տ․ Դ․ Մեդվեդևա «Դաունի   համախտանիշով   երեխաների   ճանաչողական գործունեության զարգացումը»

Ռուսերենից թարգմանեցին ՝       Գրիգորյան Անի

                                                           Գրիգորյան Վալյա

Թողնել մեկնաբանություն