Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Նա, ով բարին է գործում, Աստծուց է ծնված

Առաքինի անձը բարի գործերով հաղորդակից է լինում Լույսին: Ինչպես լույսը ոչ մի առնչություն չունի խավարի հետ, այնպես էլ առաքինության ուղին ընտրած անձը, որ իր սրտում կրում է Քրիստոսին՝ ճշմարիտ Լույսին, ջանում է հեռու մնալ մեղքի խավարից, ինչը, խամրեցնելով կյանքը, թույլ չի տալիս մարդուն տեսնելու Աստծուն և այն առաքելությունը, որին կոչված է Բարձրյալից: Մեղքի խավարը նպաստում է, որ անգործածելի մնան աստվածատուր պարգևները, այնինչ յուրաքանչյուր անձ կոչված է բարին ու լույսը տարածելու և պատասխանատու է ոչ միայն իր, այլ նաև իրեն շրջապատող մարդկանց համար: Նա, «ով բարին է գործում, Աստծուց է ծնված, մինչդեռ ով չարիք է գործում, նա Աստծուն երբեք չի տեսել» (Գ Հովհ. 1:11): Լույսի մեջ ապրողը լուսավորվում է աստվածճանաչողության լույսով, տեսնում է ճշմարիտ Լույսը և դառնում է այդ Լույսի կրողն ու տարածողը: «Քրիստոս Իր լույսն ու թագավորությունը պարգևում է նրանց, ովքեր հրաժարվում են հին մարդուց, խավարի թագավորության հագուստից և զգեստավորում Տիրոջով ու կրում Լույսի թագավորության հագուստը՝ հավատի, հույսի, սիրո, ուրախության, խաղաղության և ողորմածության հագուստը»,- ասել է Ս. Մակար Մեծը:

Ճշմարիտ Լույսն իր մեջ ունեցողը սիրում է իր մերձավորին ինչպես ինքն իրեն և այդ սիրուց բխող լույսը շարունակում է ճառագել մերձավորի մահից հետո ևս՝ արտահայտվելով ոչ միայն ննջեցյալի հոգու հանգստությանն ուղղված աղոթքներով, այլև նրա անունից արված բարի գործերով: Հունիսի 3-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Քրիստինա Անդրեասյանին (37 տ.) փոխանցեց դրամական աջակցություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներից մեկը՝ ի հիշատակ իր վաղամեռիկ եղբոր: Քրիստինան իր ամուսնու, չորս զավակների, սկեսուրի և սկեսրայրի հետ բնակվում է Արին-Բերդ 2 նրբ. 108/10 տ. հասցեում: Ընտանիքի կրտսեր զավակը՝ Մարին (2.5 տ.), Դաունի համախտանիշ ունի: Քրիստինան իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *