Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Պատվել Տիրոջը արդար վաստակից

Ի փառս Աստծո բարին գործողը չի մտահոգվում իր ապրուստի համար, քանի որ քաջատեղյակ է Տիրոջ նախախնամության մասին. «Տերը սովամահ չի անում արդարին» (Առակ. 10:3): Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է, որ հարկավոր է հուսալ ոչ թե հարստության, այլ առաքինության վրա, քանի որ երկրի վրա կուտակած գանձերը, Տիրոջ խոսքի համաձայն, ցեցն ու ժանգն են ոչնչացնելու և գողերն են պատը ծակելու և գողանալու (Մատթ. 6:19): «Գանձերը չեն օգնի անօրեններին, մինչդեռ արդարությունը փրկում է մահից» (Առակ. 10:2): Նա, ով երկնայինը թողած, երկրայինի մասին է միայն խորհում, կյանքի ավարտին երկուսից էլ կզրկվի: Կանաչ տերևներով զարդարված ծառը, թեև դեռ զուրկ է պտուղներից, բայց ապագայում պտուղ է խոստանում: Նմանապես և արդարության ձգտողները, փրկության հույսն ունենալով, չեն դադարում աճել հավատի և առաքինության մեջ, մինչև որ հասնեն ցանկալի հատուցման պտղին:

Արդարության և առաքինության ուղին ընտրած քրիստոնյան ջանում է պատվել Տիրոջը իր արդար վաստակից, յուրաքանչյուր բարի գործ ոչ թե իրեն, այլ Տիրոջը վերագրելով՝ չմոռանալով նաև Տիրոջ հետևյալ խոսքը՝ «Առանց Ինձ ոչինչ անել չեք կարող» (Հովհ. 15:5):

Մարտի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Ալեքսանյան Հասմիկին (55 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ մեր հայրենակցուհիներից մեկը՝ չցանկանալով իր անունը նշել: Չորս հոգուց բաղկացած Ալեքսանյան ընտանիքը բնակվում է Մալաթիա-Սեբաստիա Բ-1 թաղ. Րաֆֆու փ. 77շ., բն. 33 հասցեում: «Տղաս՝ Կարապետը (16 տ.), Դաունի համախտանիշ ունի: Ամուսինս 2-րդ խմբի հաշմանդամ է և ի վիճակի չէ աշխատելու, միայն դուստրս է աշխատում, իսկ իր վաստակած աշխատավարձով, ամուսնուս և տղայիս հաշմանդամության գումարներով դժվարանում ենք հոգալ մեր նվազագույն կարիքները»,- ասաց ընտանիքի մայրը: Տիկին Հասմիկը պատմեց, որ Կարապետը սիրում է երաժշտություն լսել, հիմնականում լսում է ժողովրդական, ազգագրական երաժշտություն, իսկ որոշ երգեր էլ արդեն կարողանում է երգել, սիրում է նաև դաշնամուր և դհոլ նվագել, հաճախելու է նաև «Արև-երեխաներ» ՀԿ-ի Արևի թատրոն: Ընտանիքի մայրն իր գոհունակությունը հայտնեց աջակից անձին՝ ուշադրության և հոգածության համար:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն