Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ցավ

Ի՞նչը կարող է ավելի մեծ ցավ պատճառել, քան լուրն այն մասին, որ այդքան սպասված փոքրիկի մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է, որ նա ծնվել է ոչ այնպիսին, ինչպես պատկերացրել ենք ինն ամսվա ընթացքում: Մենք հրաժարվում ենք հավատալ, որ մեր փոքրիկը երբեք էլ չի լինի այնպիսին, ինչպիսին կուզեինք նրան տեսնել: Դաունի համախտանիշն ընդմիշտ է: Անարդար է, վախ ու վիրավորանք կա: Աշխարհը փշրվել է, փուլ եկել, դավաճանել և երես է թեքել: Դուք ցավ, անտանելի ցավ եք զգում, որը չի անցնում: Այն չի կարող անցնել, դա շատ ուժգին ցավ է, որում խառնվել են զգացմունքները. վախ, վիրավորանք, զայրույթ, հնարավոր է նաև մեղքի և անզորության զգացում: Ո՞ւմ ուղղել այդ զգացմունքները: Ինչպե՞ս հաղթահարել դրանք, ո՞ւմ հետ կիսել և որտե՞ղ աջակցություն փնտրել:

Թվում է՝ ոչինչ չի կարող օգնել թեթևացնելու այն ցավը, որը զգում ես, ինչպես չի կարող փոխել կատարվածը: Եվ, որպես կանոն, չնայելով այդ ցավին՝ և՛ մայրը, և՛ հայրը պետք է տեղեկություն փնտրեն Դաունի համախտանիշի մասին և մտածեն, թե հարազատներին ինչպես տեղեկացնեն փոքրիկի մասին:

Իհարկե, յուրաքանչյուրի կասկածներն ու անհանգստություններն առանձնահատուկ են, բայց, արդուհանդերձ, այդ շրջանում ծնողներին հետաքրքրող հարցերի մեծ մասը վերաբերում է նրան, թե ինչպես կզարգանա երեխան, ինչով կտարբերվի սովորական երեխաներից, ինչ է սպասվում նրան մեծ տարիքում:

Այստեղ է, որ մասնագետների կանխատեսումները երեխայի և նրա ընտանիքի ապագայի մասին շատ հաճախ անհիմն են:

Դրանք կա՛մ ավելի բարդացնում են ծնողների անհանգստությունը, կա՛մ էլ դառնում են «քաղցր դեղահաբ», որը չի բժշկում տանջող վախը, այլ ավելի խորն է թաքցնում: Այդ վախը իրապես մեղմել կարող է այն տեղեկությունը, որն այդ պահին օգտակար և արդյունավետ կլինի կոնկրետ մայրիկ-հայրիկների, տատիկ-պապիկների համար:

Հնարավոր է նրանցից մեկին ներկայացնել նույն խնդրով այլ ծնողների և ցույց տալ, թե ինչպես ինքն էլ կարող է սիրել իր երեխային: Գուցե նաև թույլ տալ լսել, թե ինչպես է Դաունի համախտանիշ ունեցող երեխան ասում «Ընտիր հեռախոս ունես» արտահայտությունը: Շատ հավանական է, որ ստանալով անհրաժեշտ տեղեկություն՝ նրանք կընտելանան և կհասկանան, թե այս դժվար իրադրության մեջ իսկապես ինչն է անհրաժեշտ իրենց ավելի վստահ զգալու համար:

Հնարավոր է, որ շփվելով այլ ընտանիքների հետ, որտեղ նույնպես մեծանում է Դաունի համախտանիշով երեխա, ծնողները հասկանան, թե ինչ խնդիրներ են նրանք հաղթահարում, ինչ մասնագետներ կարող են իրենց օգնել՝ հոգ տանելու իրենց փոքրիկին: Չէ՞ որ, երբ տանը նորածին է հայտնվում, անհրաժեշտ է կողմնորոշվել, թե ինչպես հոգ տանել նրա մասին, մեծացնել, դաստիարակել, սովորեցնել: Ցանկացած ընտանիք օգտագործում է իր գիտելիքներն ու ավադույթները երեխայի դաստիարակության գործում, բայց երբ ծնվում է «ոչ սովորական» երեխա, շփոթվածությունն այնքան մեծ է լինում, որ ծնողները երբեմն դժվարանում են դիմել այդ անգնահատելի ընտանեկան փորձին:

Ցանկացած մարդու կյանքում լինում են իրադարձություններ, որոնք խոցում են նրա հոգին: Այդ վերքերը երբեմն կարող են շատ լուրջ ու խորը լինել, բայց ցանկացած վերք պետք է բուժել, իսկ բուժման պրոցեսը պահանջում է ժամանակ՝ շատ կամ քիչ, բայց ժամանակը պետք է: Ժամանակը հնարավորություն է տալիս իրադրության մեջ կողմնորոշվելու, շփվելու այլ ծնողների, մասնագետների հետ, գտնելու համապատասխան տեղեկություն և «մարսելու» այն: Երեխայի հետ շփման փորձն ինքնին օրըստօրե փոփոխվում է: Ցանկություն է առաջանում կիսվելու այդ նոր փորձով, քո ենթադրություններով, նոր գիտելիքներով, չէ՞ որ ցանկացած մարդու համար շատ կարևոր է ինչ-որ մեկի հետ կիսել և՛ լավը, և՛ վատը: Միայնակ լինել դժվար է ոչ միայն տխրության, այլ նաև ուրախության պահերին:

Ծանր զգացողությունները դժվար է միայնակ հաղթահարել, սակայն որևէ մեկի հետ կիսելը նույնպես դժվար է: Երբ ինչ-որ բան մեզ համար ծանր է, մտածում ենք, որ ուրիշի համար ևս ծանր կլինի, որ նա կվախենա և կհեռանա, կամ ավելի վատ՝ կանհանգստանա մեզ համար, և նրան հանգստացնելու անհրաժեշտություն կլինի:

Եվ ահա, ուրախությունը: Այն նույնպես ցանկանում ես կիսել ինչ-որ մեկի հետ, իզուր չեն ասում՝ կիսվիր քո ուրախությամբ: Գուցե պատճառը մեր առատաձեռնությունն է, գուցե մարդասիրությունը, սակայն ուրախությունը, թեկուզ հաճելի, բայց, այնուամենայնիվ, ծանրություն է, իսկ ծանրությունը մենակ տանելը դժվար է: Ցանկություն է առաջանում, որպեսզի կողքից ինչ-որ մեկը հաստատի՝ այ, սա ուրախությո՜ւն է, ես կիսում եմ քո ուրախությունը, այսինքն՝ ուրախանում եմ քեզ հետ:

Մեր երեխան մեր ուրախությունն է, և մեզ համար շատ կարևոր է, որ նա դուր գա մեր շրջապատին, որ մարդիկ նրան տեսնեն այնպես բարի, խելոք, զվարճալի և արտասովոր, ինչպես որ մենք ենք նրան տեսնում:

Ծնողներին երբեմն անհանգստացնում է սեփական երեխայի հանդեպ հակասական վերաբերմունքը: Նրանք կարող են բարկանալ երեխայի վրա և միաժամանակ խղճահարություն զգալ: Այդպիսի խառնիխուռն զգացմունքները մեղքի զգացողություն են ծնում և նյարդային գրգռվածություն առաջացնում: Դա նորմալ իրավիճակ է. կարելի է նույնիսկ երեխային հենց այդպես էլ ասել. «Ես ինձ հիմա շատ վատ եմ զգում, բայց շուտով անպայման կրկին լավ կլինեմ»: Նա կարող է չհասկանալ ձեր խոսքերի իմաստը, բայց մայրիկի ձայնի հնչերանգը նրան շատ բան կհաղորդի. «Ինձ համար ծանր է, բայց ես այստեղ եմ, քո կողքին, տեսնում և կարեկցում եմ քեզ»: Եթե մայրիկը չի վախենում և չի մերժում սեփական ծանր անհանգստությունները, ապա նրա մոտ վստահ ամրանում է այն գիտակցությունը, որ արտասովոր երեխայի ծնունդն իրեն վատ մայր չի դարձնում և ինքնուրացում չի պահանջում:

 

Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.

«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը

Թողնել մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *