Կգնա՞ արդյոք երեխան դպրոց, դա կլինի սովորակա՞ն, թե՞ մասնագիտական, այս հարցերն են հետաքրքրում Դաունի համախտանիշ ունեցող երեխայի ծնողներին: Ի դեպ՝ դպրոցի հետ կապված հարցերն առաջնային հարցերից են: Դպրոցը մանկության առաջին կարևոր ինստիտուտներից մեկն է:
Առաջին հերթին դա սոցիալական այն տարածքն է, որը երեխան ունի ընտանիքից դուրս: Այնտեղ նրա պարապմունքներն են, նրա հարաբերություններն ուսուցչի և մյուս աշակերտների հետ:
Երկրորդ՝ դպրոցում երեխաներն ստանում են իրենց հետագա կյանքի՝ մասնավորապես մասնագիտական ուսուցման վերաբերյալ անհրաժեշտ պարապմունքներն ու հմտությունները:
Եվ վերջապես՝ դպրոցը երեխային սովորեցնում է պահպանել համակեցության նորմերն ու կանոնները:
Կասկածից դուրս է այն, որ դպրոցն անհրաժեշտ է յուրաքանչյուր երեխայի: Ուրախալին այն է, որ այդ պարզ միտքը գնալով ակնհայտ է դառնում այն մարդկանց համար, ումից կախված է զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների դպրոցական ուսուցման համար պայմանների ստեղծման հարցը: Մինչև վերջերս, Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին ընդունում էին միայն հատուկ մասնագիտացված դպրոցներում, որտեղ հաշվի էին առնվում երեխաների ճանաչողական առանձնահատկությունները, նրանց սովորեցնում էին հատուկ մանկավարժներ՝ հատուկ մշակված ծրագրերով: Այնուամենայնիվ, ժամանակակից աշխարհում ավելի շատ ուշադրություն են սկսել դարձնել ոչ միայն երեխաների կրթությանը, այլև այն բանին, որ նրանք չմեկուսանան սովորական սոցիալական միջավայրից: Այդպես սկսեց զարգանալ ներառական կրթությունը, որը հնարավորություն տվեց զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին սովորելու իրենց հասակակիցների հետ:
Երեխաների համատեղ ուսուցման այս կարևոր մոտեցումը տեղ գտավ նաև մեր երկրում, ինչի շնորհիվ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների կրթությամբ և ներառմամբ զբաղվող մասնագիտացված դպրոցներին զուգահեռ սկսեցին զբաղվել նաև սովորական դպրոցները: Առայժմ դրանք շատ չեն, և դա զարմանալի չէ: Դեռ կպահանջվի էական վերակողմնորոշում և ժամանակ՝ սովորություն դարձած ուսուցման «մասսայական» մոտեցումից դեպի յուրաքանչյուր երեխայի «անհատական» մոտեցման անցնելու համար:
Իհարկե, ոչ միայն Դաունի համախտանիշ ունեցող երեխաներն են ուսուցման ընթացքում հանդիպում դժվարությունների: Դա կարող է լինել նաև ամենասովորական երեխայի հետ: Դպրոցը, որը հանձն է առել ուսուցանել տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների, պետք է ապահովի համապատասխան բոլոր պայմանները: Օրինակ՝ որոշ կարգապահական նորմեր դասավանդվում են փոքր խմբերով, կազմվում են ուսուցման անհատական պլաններ յուրաքանչյուր երեխայի համար: Ծնողը պիտի հասկանա, որ այնքան կարևոր չէ, թե ինչպես է կոչվում դպրոցը՝ մասնագիտացված, ներառական կամ հանրային, այլ կարևոր է, որ տվյալ դպրոցի ծրագիրը հնարավորինս լավ արտահայտի երեխայի հետաքրքրությունները, այսինքն՝ տա այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք կօգնեն հետագա մասնագիտության ընտրության հարցում, նրա անհատականության ձևավորման համար ստեղծի հնարավորինս հարմարավետ պայմաններ: Պետք է հիշել, որ մեր երկրում կրթության իրավունք ունի յուրաքանչյուր երեխա:
Պսկով: Բուժական մանկավարժության կենտրոն։ Մենք հյուրընկալել ենք 15-16 տարեկան բարձր դասարանցիների: Դեռահասներն իրենք են մեզ պատմում, թե ինչով են զբաղվում, ինչ են սիրում, ինչով են հպարտանում: Մի համակրելի պատանի, ով Դաունի համախտանիշ ունի, իրեն պահում է մի փոքր հանդուգն, ինչպես սովորական դեռահաս նիհիլիստ, մռայլվելով հաղորդում է մեզ, որ ինքն այդ օրը տրամադրություն չունի: Երևի դա է պատճառը, որ նրա պատմությունը շատ հեգնական է հնչում: Որոշ ժամանակ անց նա սկսում է բարեհաճ վերաբերմունք ցուցաբերել և արդեն հաճույքով կիսվում իր ձեռքբերումների մասին: Նրան դուր է գալիս մաթեմատիկան (նա բավական հաջող հաշվում է), սպորտը և խոհարարությունը: Թվում է, որ նա բոլորի սիրելին է և շատ լավ գիտի իր հմայքի հնարավորությունները: Ինչպես ընդունված է այդ տարիքում, նրան արդեն ծանոթ է սիրահարվածություն զգացումը, և, ինչպես դա հաճախ լինում է, կարծես թե նա սիրահարված է երիտասարդ օրիորդ-ուսուցչուհուն:
Այդ մասնագիտացված հաստատությունում տասը տարվա ուսուցման ընթացքում ձևավորվել է հետաքրքիր անձնավորություն՝ բավական ինքնուրույն, ի վիճակի հոգ տանելու իր մասին և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես: Նա լավ գիտի իր առավելությունները և հոյակապ կարողանում է շփվել այլ մարդկանց հետ: Եվ սրանք այն ուժեղ կողմերն էին, որ կարողացանք նկատել ընդամենը կես ժամվա շփման ընթացքում:
Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.
«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»
Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը