Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ուխտագնացության շրջանակում արևները բաց դաս ունեցան

Սեպտեմբերի 26-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնի ավագ խմբի սաները, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ և ամերիկաբնակ Աննա Բեգլարյանի հովանավորությամբ, ուխտի մեկնեցին Էջմիածնի Սուրբ Գայանե վանք: Հասնելով սրբավայր՝ արևներն ու նրանց ծնողները, Տեր Հոր գլխավորությամբ «Տերունական աղոթք»-ն ասացին, «Տեր ողորմեա» շարականն ունկնդրեցին՝ իրենց ջերմագին աղոթքը հղելով առ Աստված սրբուհու շիրիմի առջև: Միասնական աղոթքից հետո վանքի բակում հատուկ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանը խմբային բաց դաս անցկացրեց, որի ժամանակ երեխաները երգեցին Կոմիտաս վարդապետի մշակումներից մանկական և ժողովրդական երգեր, պարեցին «Թամզարա» և «Ամռան գիշեր» պարերը:

Այնուհետև արև երեխաներն այցելեցին Էջմիածնի «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպություն, ուր ծանոթացան «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ի գործունեությանը, գինու պատրաստման ավանդական եղանակին, կազմակերպության սաների նկարչական աշխատանքներին: Ազգայինի ոգով ու շնչով տոգորված փոքրիկ նկարիչների գունեղ աշխարհում ավագ խմբի սաներից Մարատն արտասանեց Ե. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Հաջորդ անակնկալն առավել ուրախություն պարգևեց արևներին, նրանք մասնակից դարձան հայկական ավանդական թոնրի լավաշի թխման վարպետության դասին: Մեծ էր երեխաների ուրախությունը. նրանցից յուրաքանչյուրը, խմորի գունդը գրտնակելով, ուշադրությամբ հետևում էր, թե ինչպես է հացթուխը բարակ խմորի թերթը գցում ձվաձև փափուկ բարձի վրա և ինչպես է թոնրի տաք պատի վրա մի քանի րոպեի ընթացքում եփվում լավաշը: Ապա արևները համտեսեցին իրենց կողմից պատրաստված անուշաբույր լավաշները:

Մինչ սիրո սեղանի շուրջը համախմբվելը Տեր Գրիգորը շնորհակալություն հայտնեց ամերիկաբնակ Աննա Բեգլարյանին, որ իր երկրորդ զավակի ծննդյան առթիվ արևներին ուրախ անակնկալներով լի օր պարգևեց: Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց նաև «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախագահ Ռուզան Թամրազյանին, հատուկ մանակավարժ Զեմֆիրա Հարությունյանին և սաների ծնողներին՝ նրանց հանձնելով շնորհակալագրեր, հատուկ մանկավարժի հետ համագործակցային աշխատանքում ցուցաբերած հետևողական մասնակցության համար:

Ուրախ անակնկալներով լի օրն ավարտվեց՝ ջերմ հիշողություններ թողնելով արևների ջերմ աշխարհում:

 

Կարինե Սուգիկյան

 

1 comment

  1. 123movies 3 years առաջ 31/01/2021

    Great list! I think my planner is my favorite purchase of 2020 so far! It was great to get me organized for the new year. Zandra Corbett Petuu

    Պատասխանել

Leave a Reply to 123movies Չեղարկել

Your email address will not be published.